Վերսալի պալատի ներկայիս նախագահ Քրիստոֆ Լերիբոն չորեքշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, կնշանակվի Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն, հայտնում է ֆրանսիական Le Parisien պարբերականը։

Այս պաշտոնում նա կփոխարինի Լորանս դե Կարին, որը երեքշաբթի օրը ստիպված է եղել հրաժարական տալ՝ Ֆրանսիայի թագավորական գանձերի աղմկահարույց կողոպտումից չորս ամիս անց։

Ինչպես հայտնում է պարբերականը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին, նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը պետք է արվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից՝ չորեքշաբթի օրը կայանալիք Նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

Մեկ այլ նշանակում վերաբերում է «Փոքր պալատի» ներկայիս տնօրեն Աննիկ Լեմուանին։ Նա կդառնա Օրսե թանգարանի և Օրանժերի թանգարանի տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով Սիլվեն Ամիկին, ով հանկարծամահ է եղել անցյալ տարվա օգոստոսի 31-ին։

Չորեքշաբթի օրը հրապարակված նրա նշանակումը պաշտոնապես հաստատող հրամանագրի համաձայն՝ Աննիկ Լեմուանը պաշտոնը կստանձնի մարտի 19-ին։