«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է որոշել մայիսից մինչև սեպտեմբերի կեսերը օրական 7 ժամով դադարեցնել բնակիչների ջրամատակարարումը։

Ընկերության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից:

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:

ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ Ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:

Հարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Վեոլիա ջուրը» մայիսի 1–ից մինչև սեպտեմբերի 16–ը գիշերները կանջատի ջրամատակարարումը գրեթե ողջ երկրով մեկ։

Մասնավորապես, Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակիչները ջուր չեն ունենա կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7–ը։

Բացի այդ, Երևանի բոլոր վարչական շրջանների որոշ հասցեներում այս գրաֆիկը կպահպանվի ողջ տարվա ընթացքում։

Իհարկե, կան նաև հասցեներ, մասնավորապես, Դավիթաշեն , Կենտրոն, Ավան, Էրեբուն, Շենգավիթ վարչական շրջաններում, որտեղ ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։

Հատկանշական է, որ Շենգավիթ վարչական շրջանում կան հասցեներ, որտեղ ջրամատակարարումը լինելու է օրական 6 ժամ՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։

6–ժամյա գրաֆիկ կլինի նաև Հայաստան բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում։ Կան բնակավայրեր, որտեղ ջրամատակարարումը կլինի 7 ժամ, 8 ժամ, 10 ժամ և այլն։

Իսկ ահա Տավուշի մարզի Ազատամուտ և Կոտայքի մարզի Սարալանջ գյուղերում ջրամատարկարարումը կլինի 4 ժամ օրական։

Ամբողջական գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ: