Ազգային ժողովում, այսօր` փետրվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը, որը նախագահել է Գոհար Հակոբյանը: Նիստին ներկա են եղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ նիստի օրակարգին անցնելը Երիտասարդական խորհրդարանի գործող նախագահ Գոհար Հակոբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն իր սահմանված քվոտաներում փոփոխություն է կատարել. Արեւիկ Նավոյանի, Հայկ Մեսրոպյանի եւ Մկրտիչ Սիմոնյանի փոխարեն ներկայացվել են Հարություն Համբարձումյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ջանիբեկ Հայրապետյանը:

Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամներն սկսել են շարունակել քննարկել նախորդ նիստում ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրինագիծը, որը հեղինակել են Մակար Եղիազարյանը, Ժորա Սարգսյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Վահե Զաքարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հայկ Գասպարյանը: Օրինագիծը նպատակ ունի կարգավորել բնակարանային կրեդիտավորման հետ կապված իրավահարաբերությունները, բարձրացնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը եւ ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը:

Քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվել է:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քննարկել են «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է օրինագծի հեղինակ Կառլեն Խաչատրյանը: Նա նշել է, որ նախագծով սահմանվում են պետական երիտասարդական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ հիմնական ուղղությունները, հստակեցվում են պետական երիտասարդական քաղաքականության իրականացման իրավական, տնտեսական եւ սոցիալական հիմքերը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԵԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Դարբինյանը` ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԵԽ պատգամավորները ողջունել են օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրեցին իրենց առաջարկությունները եւ կոչ արեցին կողմ քվեարկել:

Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ-ի հաջորդ հերթական նիստում: