Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վաղը` փետրվարի 15-ին, քաղաքապետարանում կներկայացնի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին:
Քաղաքապետարանին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ շրջանառվող միակ թեկնածուն Արայիկ Սադոյանն է, ով Երեւանի Կենտրոն համայնքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ փետրվարի 13-ին, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը։ Նա NEWS.am-ին տված հարցազրույցում մեկնաբանելով իր հրաժարականը ասել էր հետեւյալը. «Պաշտոնը, երբեք մշտական չէ մարդու համար, բայց ամեն դեպքում առանց մեկնաբանությունների: Դուք գիտեք, որ ոչ մի պաշտոն հավիտենական չի: Իհարկե, պետք է ժամանակ գա, նոր մարդիկ աշխատեն, դա ես միշտ էլ գիտեի»:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, Տարոն Մարգարյանը դեռեւս փոխքաղաքապետ լինելու տարիներին մշտապես ցանկացել է ազատվել Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանից եւ կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանից:
Հիշեցենք, որ դեռ քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո, միանգամից շրջանառվեցին վերը նշված ղեկավարների անունները, որոնք ըստ որոշ լուրերի համաձայն պետք է հրաժարական ներկայացնեին, բայց Տարոն Մարագարյանին այդ ընթացքում չի հաջողվել համոզել Կարեն Կարապետյանին:
Իսկ ահա Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալուց հետո Սերգեյ Հովհաննիսյանը հրաժարական տվեց, իսկ Գագիկ Գյանջումյանն` ավելի ուշ:




























