Ուիթնի Հյուսթոնի հարազատները չեն ցանկանում երգչուհու հուղարկավորության ներկաների մեջ տեսնել նրա նախկին ամուսնուն` երաժիշտ Բոբի Բրաունին:
Ընտանիքի նման պահվածքը հարուցել է նախկին ամուսնու վրդովմունքը: Նրան ոչ միայն չեն հրավիրել հուղարկավորությանը, այլեւ չեն թողնում մոտենալ դստերը` 18-ամյա Բոբի Քրիստինային:
Ուիթնիի մահվան լուրը լսելով` Բրաունը հետաձգել է Նեշվիլի համերգը եւ շտապ մեկնել Լոս Անջելոս, որպեսզի դստեր կողքին լինի, որը նյարդային պոռթկում է ունեցել եւ երկու անգամ հիվանդանոց ընկել: Այժմ աղջիկը Լոս Անջելեսի հարազատների եւ ծանոթների խնամակալության տակ է:
Բայց Բոբի Բրաունը ոչ մի կերպ չի կարողանում հանդիպել դստեր հետ եւ դրանում մեղադրում է երգչուհու մորը` Սիսի Հյուսթոնին, որն իր հանդեպ բացահայտ հակակրանք է տածում: Բրաունը հույս ունի, որ Ուիթնիի ընտանիքը «կմոռանա անցյալը եւ թույլ կտա իրենց հետ միասին» նրան հրաժեշտ տալ:
Միաժամանակ, Ուիթնիի մայրը բոլոր հիմքերն ունի փեսային ատելու համար: Նա Բոբիին մեղադրում է այն բանում, որ իր տիտղոսավոր դստեր անձնական կյանքը չստացվեց: Կռիվներ, կենցաղային բռնություն, ոստիկանության միջամտություն. այսպիսին էր նրանց ամուսնությունը: Այդ հանգամանքը մեծապես նպաստել է այդքան յուրօրինակ ձայնի տեր երգչուհու` կոկաինի, մարիխուանայի, ալկոհոլի եւ ուժեղ ազդող դեղամիջոցների նկատմամբ հակվածությանը:
Երգչուհին երկու անգամ թմրամոլության դեմ հիվանդանոցային բուժում է ստացել` 2010թ. հայտարարելով, որ հաղթահարել է թմրանյութերից կախվածությունը: Սակայն երբեմնի փառքը վերադարձնելու փորձը նրան մասամբ հաջողվեց:
2009թ. I Look For You ալբոմը պլատինե կարգավիճակ ստացավ: Սակայն հաջորդ` Good Morning America ալբոմի աջակցությանն ուղղված շրջագայությունը փաստացի ձախողվեց: Երգչուհու ձայնն այլեւս առաջվանը չէր, հանդիսատեսը հիասթափված էր, գրում է «Վզգլյադ» թերթը:




























