Մեղավորը քաղաքական ուժերն են, որ հզոր դեմքեր չեն առաջադրում, հետո դժգոհում են մեծամասնական ընտրակարգից: Այդ մասին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ-ում 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

Ըստ նախարարի՝ թերեւս դժվար է հիշել մի հարց, որ ավելի քննարկվի, քան ընտրական օրենսգիրքն է, եւ ամենաքննարկվածն ընտրակարգերի հարցն է:

Հրայր Թովմասյանը նշեց, որ համամասնական ընտրակարգը ավելի մեծ ներկայացուցչություն է ապահովում: «1947-93 թվականներին Իտալիայի խորհրդարանը ձեւավորվում էր համամասնական ընտրակարգով, եւ ամեն տարին մեկ Իտալիան կառավարություն էր փոխում: 1992-ին ընտրակարգը փոխվեց, եւ առ այսօր չորս կառավարություն է փոխվել»,- նշեց նախարարը:

Խոսելով մեծամասնական ընտրակարգի մասին, Հրայր Թովմասյանը նշել է, թե մեծամասնականից բողոքում են այն ուժերը, որոնք չեն կարողանում հաղթել. «Միգուցե մեղավորը քաղաքական ուժերն են, որ տեղական հզոր դեմքեր պիտի ունենան, որ կարողանան հաղթել»: Նա որպես օրինակ բերեց ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, որտեղ 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է գործում:

«Գոյություն չունի լավագույն մոդել: Ամեն մոդելը կիրառելի է տվյալ երկրում»,- իր հերթին նշեց լիովին համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնության մեկ այլ ընդդիմախոս, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Վերջինիս կարծիքով, լիովին համամասնական ընտրակարգի դեպքում ընտրողը չունի պատգամավոր, որին կարող է անհատապես դիմել: Ըստ Հարությունյանի, համամասնականը խթանելու է կուսակցական վերնախավի դիկտատուրան, համամասնական ընտրակարգին կարելի է անցնել միայն երբ Հայաստանում կլինի ներկուսակցական ժողովրդավարություն: