Վախճանվել է ռուս հայտնի լրագրող, «Ինտերֆաքսի` ռազմական լուրերի գործակալության» գլխավոր խմբագիր Վիտալի Ջիբութին: Նրա հարազատ գործակալությունը, որտեղ նա աշխատել է փաստորեն հիմնադրման օրվանից, հայտնում է, որ Ջիբութին հանկարծամահ է եղել փետրվարի 15-ի գիշերը:
«Ջիբութին աչքի է ընկել լրագրողական տաղանդով եւ ստեղծագործական քաջությամբ, մեծ կենսասիրությամբ: Նա մի քանի գրքերի հեղինակ է, որոնք գրվել են երկրով եւ աշխարհով մեկ բազմաթիվ գործուղումներից եւ լրագրողական ճանապարհորդություններից ստացած տպավորությունների արդյունքում:
Որպես ռազմական լրագրող` նա աշխատել է Ռուսաստանի համարյա բոլոր թեժ գոտիներում, ինչպես նաեւ նախկին խորհրդային տարածաշրջանում` ցուցաբերելով դիմացկունություն, քաջություն, նախաձեռնություն: Նրա թողարկումները միշտ օպերատիվ եւ օբյեկտիվ են եղել, շատ հաճախ նրանք դարձել ենիրավիճակի դրության համարյա միակ աբյուրը եւ քաղաքական գործիչների կողմից օգտագործվել են որոշումներ կայացնելիս:
Ջիբութիի կյանքից հեռանալը մեծ կորուստ է ոչ միայն «Ինտերֆաքսի», այլեւ ռուսական լրագրողական ողջ հանրության համար», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Վիտալի Ջիբութին ծնվել է 1963 թվականի հունիսի 5-ին: ՄՊՀ-ի լրագրողական բաժինն ավարտելուց հետո նա աշխատել է ՏԱՍՍ-ում: Նա եղել է Ռուսաստանի լրագրողների միության անդամ, պարգեւատրվել պատվոգրերով եւ շքանշաններով:




























