Մերձավոր արևելքում տեղի ունեցող գործընթացները միշտ օրգանապես կապված են Հարավային Կովկասի հետ, առնվազն ազդեցությունը եթե ոչ ուղղակիորեն անուղղակիորեն լինելու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էնեգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

Նա շեշտեց, որ Իրանի ռազմավարական, աշխարհաքաղաքական, գեոտնտեսական դիրքերի թուլացումը որևէ պարագայում չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից.

«Ես չեմ խոսում իրականում Հայաստանի իշխանությունների շահերի, այլ հենց Հայաստանի օրգանական շահերի մասին։ Եթե Իրանում և Իրանի շուրջ այս էսկալացիան շարունակվում է, ապա պարալիզացվում է հյուսիս-հարավը, որը Հայաստանի համար ունի առանցքային նշանակություն, և մենք տեսնում ենք, որ իրականում հյուսիս-հարավ լոգիստիկան արդեն տուժում է, Բանդերաբաս նավահանգստի ուղղությամբ բավականին լուրջ հրթիռակոծումներ են իրականացված, նմանատիպ բարդ իրավիճակ է ստեղծված նաև ոչ պակաս կարևոր Չաբահար նավահանգստում, սրանք այն հանգույցներն են հյուսիս-հարավի, որոնք թույլ են տալիս ամենից զատ նաև Հայաստանի Հանրապետությանը զենք ներկրել Հնդկաստանից, և եթե հարցը դիտարկում ենք այլ արդեն ոչ միայն տրանսպորտային լոգիստիկ, այլ նաև ռազմական հաղորդակցությունների տրամաբանության մեջ, ակնհայտ է, որ այստեղ մենք բախվում ենք խնդիրների։

Հայաստանի առանցքային նպատակներից մեկն է ռազմական և ռազմատեխնիկական դիվերսիֆիկացումը, և դա արվում է Հնդկաստանի մասնակցությամբ, մենք գիտենք, որ արդեն մոտ 50% ներկրվող զինատեսակների գալիս է հենց Հնդկաստանից, այդ զինատեսակների առյուծի բաժինը, ուղղվում է Հայաստանի Հանրապետության՝ Իրանի տրանսպորտային հանգույցներով»։

Անդրադառնալով էներգետիկ փոխգործակցությանը՝ Դավթյանն ասաց. «Խոսքն այստեղ գնում է և Իրան-Հայաստան գազամուղի մասին. մենք տարեկան ներկրում ենք բավականին համեստ ծավալով բնական գազ՝ 300-ից 350 միլիոն խորանարդ մետր, բայց պետք է հաշվի առնենք, որ այդ փոխգործակցությունը տեղի է ունենում գազ-էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային տրամաբանության մեջ, և եթե Իրանը դադարեցնի կամ կտրուկ նվազեցնի այդ արտահանումը դեպի Հայաստանի Հանրապետություն, մեր գազատրանսպորտային համակարգին վտանգ չի սպառնում, բայց կտրուկ նվազելու է նաև Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը, իսկ սա բավականին լուրջ խնդիր է մեր էներգետիկ համակարգի համար, որը տարեկան մինչև մեկ միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա է արտահանում։ Կարող է ստեղծել մի իրավիճակ, որում Հայաստանը անգամ հետէսկալացիոն փուլում կարող է կորցնել իր դիրքերը իրանական շուկայում։ Սա արդեն էներգետիկ անվտանգության խնդիր է Հայաստանի համար»։

Նավթի գների մասին խոսելիս Վահե Դավթյանն ասաց. «Այս հարցը ևս պարբերաբար բարձրացվում է այս օրերին, թե որքանով նավթի գների բարձրացումը կարող է անդրադառնալ նավթամթերքի վրա, ուղիղ ազդեցություն չի ունենա, որովհետև Հայաստանը չունի նավթավերամշակման համալիր, բայց երկարաժամկետ կտրվածքով, իհարկե, որոշակի կոռեկցիաների, այսպես ասած, կենթարկվեն նավթամթերքների գները։ Ինչու, ինչու եմ ես կարծում, որ միջնաժամկետ կտրվածքով այս խնդիրը չի սպառնում, որովհետև, մենք գիտենք, որ նավթամթերքի շուկայական վերջնական գնի կառուցվածքում նավթի գինը բավականին ցածր տոկոս է զբաղեցնում, հիմնականում գինը ձևավորում է ակցիզային վարկերից և այլ բաղադրիչների, հարկերից և այլ բաղադրիչներից»։

Հարցին՝ եթե դիտարկենք մի այսպիսի սցենար, որ իրավիճակն այնպես զարգանա, որ Իրանի դերակատարումը բավական թուլանա տարածաշրջանում, ի՞նչ կարող է սպասվել Հայաստանին, Վահե Դավթյանն ասաց.

«Եթե այդ սցենարը հանկարծ կյանքի կոչվի, և Իրանն իսկապես զիջի ռազմավարական դիրքերը տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ապա ԹՐԻՓՓ-ը, որը նույն «Զանգեզուրյան միջանցքն է», անխուսափելիորեն կյանքի կկոչվի, և այսօր, եթե Իրանը հանդիսանում է այն սակավաթիվ զսպող գործոններից, որը խանգարում է այդ ռազմավարության իրականացմանը, ապա ստեղծված իրավիճակում որևէ խնդիր այդ նախագծի շահառուների համար այլևս չի լինի։ Նշանակում է, որ կստեղծվի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Թուրքիայի հետ, այստեղ չենք մոռանում նաև քրդական գործոնի ակտիվացման մասին։

Վստահ եմ, որ ԹՐԻՓՓ-ը նպաստելու է Նախիջևանի ռազմականացմանը, այնտեղ ռազմական բազաների ձևավորմանը, այլ կերպ ասած՝ դա կձևավորի մի սուր, որն ուղղված է լինելու հենց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Փաստացի, ստեղծվում է մի իրավիճակ, որում Հայաստանով անցնող հաղորդակցություն, ակամայից վերածվում է ռազմական թիրախ Իրանի Իսլամական Հանրապետության համար»։