Արարատյան դաշտը կենտրոնացված կլինի մրգերի բանջարեղենի վրա, ամեն շրջան կունենա երկու մթերման կայան. կարևոր է, որ գյուղացին ունենա հնարավորություն իր ապրանքը վաճառել 2-3 կայանի։ Այս մասին, այսօր՝ մարտի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով իրենց ծրագրի դրույթներից մեկը։
Նշենք, որ ասուլիսը կազմակերպվել է ջերմոցում։
«Դա կբերի մրցակցության, մթերման կայանները կմրցակցեն գյուղացու բերքի համար և կտան շատ լավ գին։ Մթերման կայանը նաև մեկ այլ կարևոր բան ունի, գյուղացիները հնարավորություն կունենան տարվա սկզբից իմանան՝ ինչ գնով են վաճառելու մթերքը։ Դա կբերի նրան, որ գյուղացին կկարողանա կանխատեսել իր ծախսերը և տարվա սկզբից կիմանա շահույթ ունի, թե ոչ։
Արարատյան դաշտում մրգերի ու բանջարեղենի համար է մթերման կայանը լինելու, իսկ մյուս շրջաններում մենք ունենք անասնապահական շրջաններ՝ Գեղարքունիքի մարզը, Շիրակի մարզը, այնտեղ մթերման կայանները հիմնականում կենտրոնացված են լինելու մսամթերքի վրա, ինչպես նաև կարտոֆիլի և ցորենի մթերում է լինելու։
Իհարկե ցորենը Հայաստանում երևի այն քիչ ապրանքներից է, որ մթերման մեծ խնդիր չունի, բայց այնտեղ էլ կա որոշակի աշխատանքի կարիք, որպեսզի գյուղացիների համար ավելի հեշտ լինի, մթերման կայանից միջոցները ստանա, հնարավորություն ունենա առանց վարկային պարտավորությունների աճեցնել իր բերքը»,– հայտարարեց Կարեն Կարապետյանը։





























