Արեւմուտքի եւ Արաբական պետությունների լիգայի դաշնակիցների ներխուժումը Սիրիայի հղի է հետեւանքնեորվ ոչ միայն Դամասկոսի եւ Թեհրանի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Սեւծովյան-կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը` ավելացնելով, որ հնարավոր ներխուժման հետեւանքներն անկանխատեսելի կլինեն հենց նախաձեռնողների եւ նրանց դաշնակիցների համար: Փորձագետը նկատի ունի Իսրայելին, Թուրքիային եւ Արաբական պետությունների լիգայի երկրներին: «Արաբական երկրներում ոչ բոլորն են հիացած սիրիական խնդրի լուծման լինգային մոտեցումից, իսկ Թուրքիայում այն հետագայում կանդրադառնա քրդական շարժման ակտիվացումով», - նշեց Պոպովը:
Նրա կարծիքով, հնարավոր ներխուժմանը Սիրիա Թեհրանը չի արձագանքի ուղղակի հարվածով:
«Հարվածի դիմելու դեպքում Իրանը կզրկվի շատ երկրների, այդ թվում Ռուսաստանի բարոյական եւ քաղաքական աջակցությունից եւ կհամարվի ագրեսոր: Բայց Իրանի կողմից կարելի է սպասել արձագանքի ոչ պաշտոնական խողովակներով: Այդպիսի հնարավորություններ Իրանը շատ ունի, թեեւ Թեհրանի հնարավորությունները պետք չէ գերագնահատել: Իսրայելի եւ Թուրքիայի սահմանակից տարածքներում պարտիզանական շարժման ակտիվացումը կլինի այն նվազագույնը, ինչը կարելի է սպասել Իրանի կողմից, եթե միջազգային նորմերի խախտումով տեղի ունենա ներխուժում Թեհրանի հիմնական դաշնակցի տարածք», - նկատեց Պոպովը:
Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Սեւծովյան-կասպյան կենտրոնի ղեկավարը վերջում նշեց, որ տարածաշրջանի որեւէ երկիր չի շահի Սիրիայում իրավիճակի պայթյունի դեպքում: «Տանուլ տված կլինեն բոլորը` մեկը քիչ, մյուսը շատ: Սիրիայից եւ Իրանից բացի, այդ երկրներն են նաեւ Թուրքիան ու Իսրայելը», - ասաց քաղաքագետը:




























