«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արձագանքել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանի խոսքին, ով կասկածի տակ էր դրել ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին «հայրենիքի դավաճան» է անվանել: Մուսինյանը նաեւ Արթուր Բաղդասարյանին «քաղաքական դիակ» էր անվանել:
Այս առնչությամբ, Բիշարյանի հայտարարության մեջ նշվում է, որ «ամենամեծ քաղաքական դիակը հենց Լեւոն ՏերՊետրոսյանն է»:
«Լավ կլինի Մուսինյանը հարցներ Լեւոն ՏերՊետրոսյանին, թե ո՞ւր էր մարտի 1ին, ինչո՞ւ տեր չկանգնեց իր ժողովրդին, ինչո՞ւ ալարեց մեկ կանգառ իջնել Հրազդան մարզադաշտի իր շքեղ առանձնատնից եւ Ֆրանսիական դեսպանության մոտ տեր կանգներ իր ժողովրդին, որ առաջնորդ էր պահանջում մարդկային դիակներ թողած: Այդ քաղաքական դիակը, սակայն, թաքնվել էր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ազնիվ գործիչների թիկունքում, որոնք իրենց վրա վերցրեցին ողջ ծանրությունը եւ հայտնվեցին բանտերում: Ո՞ւր է այսօր Լեւոն ՏերՊետրոսյանի շտաբի պետ, նրա նվիրյալ Ալիկ Արզումանյանը, ո՞ւր են նրա մյուս նվիրյալներ Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը եւ այլք: Չկան նրա կողքին, որովհետեւ ոչ միայն անպատվաբեր է այլեւս, այլ նաեւ, թերեւս, մտածել են, որ քաղաքական դիակների եւ դավաճանների հետ ճանապարհ չունեն:
Ինչ վերաբերում է ժամանակագրությանը, ապա Մուսինյանը թող նայի ժամանակագրությանը, որպեսզի հերթական զրպարտությամբ չզբաղվի»,-ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 15-ի մամուլի ասուլիսում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելն անհնար էր: «Ես ինչպե՞ս կարող էի համագործակցել մի մարդու հետ, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում վիրավորել էր ինձ` չվարանելով անվանել «հայրենիքի դավաճան»: Եթե ես ձեզ, օրինակ, հայրենիքի դավաճան անվանեմ, դրանից հետո կաշխատե՞ք ինձ հետ»,- ասել էր Բաղդասարյանը:
Ի պատասխան այս հայտարարության, ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ին ասել էր. «Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել 2008թ նախագահական ընտրություններին նախորդած ընտրական արշավի հայտարարությունները` ժամանակագրական առումով եւ, վստահ եմ, որ դուք էլ կհամաձայնեք, որ քաղաքական դիակների հայտարարությունները մեկնաբանելը լուրջ չէ»:
Հիշեցնենք, որ 2008թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանդես էր գալիս արմատական ընդդիմության դիրքերից: Սակայն հետընտրական ողբերգական իրադարձություններից հետո, ՕԵԿ ղեկավարը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, Սերժ Սարգսյանի կողմից նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ «Օրինաց երկիրը» հերթական անգամ դարձավ իշխող կոալիցիայի անդամ:
Նշենք նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Արթուր Բաղդասարյանը առաջին նախագահին նվիրված գրքույկ է գրել:




























