Եվրահանձնաժողովը (ԵՀ) ուշի-ուշով հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և այդ համատեքստում եվրոպացի քաղաքացիների անվտանգությունը համարում է գերակա խնդիր, հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամերտը։

«Վերջերս ԵՄ սահմաններում վերահսկողությունն ուժեղացվել է։ Մենք ունենք Շենգենյան տեղեկատվական համակարգ՝ ընդհանուր անվտանգության տվյալների բազայով, նախատեսված նրա համար, որ բոլոր անդամ պետությունները ի վիճակի լինեն բացահայտելու բոլոր ռիսկերը»,- ուրբաթ օրը Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Բացի դրանից, նա ընդգծել է, որ ներդրվում է մուտքի/ելքի համակարգ՝ լրացուցիչ անվտանգության միջոց, որը հնարավորություն է տալիս վերահսկել՝ ովքեր են ելումուտ անում Եվրամիություն։

Ըստ Լամերտի՝ վերջին հինգ ամիսների ընթացքում նման միջոցառումները հնարավորություն են ընձեռել նույնականացնել մոտ 500 անձանց, որոնք ԵՄ-ում սպառնալիք են համարվում։

ԵՀ ներկայացուցիչը հիշեցրել է, որ մարտի 2-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի անվտանգության հարցերով հատուկ նիստ, որտեղ այս հարցը քննարկվել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո։

Քննարկումից հետո հայտարարության մեջ նշվում էր, որ ներքին անվտանգության հարցերում Եվրոպական հանձնաժողովը «պահպանում է բարձրացված զգոնությունը և սերտ համագործակցությունը Եվրոպոլի և անդամ պետությունների հետ՝ ներքին անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների վերաբերյալ»։