Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կիրակի օրը հայտարարել է, որ երեքշաբթի հանդիպելու է Եվրամիության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ՝ նախազգուշացնելով, որ Սլովակիան կարող է արգելափակել ԵՄ-ի կողմից Կիևին տրամադրվելիք խոշոր վարկը, հաղորդում է Reuters-ը։

Հունգարիան արդեն վետո է դրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և Ուկրաինային տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկի վրա։ Ֆիցոն կիրակի օրը Facebook-ում հրապարակած տեսանյութում կրկնել է իր սպառնալիքը՝ արգելափակել վարկը։

Ըստ Ֆիցոյի, հանդիպումը տեղի կունենա Փարիզում, որտեղ ինքը կպահանջի, որ փորձագետները այցելեն «Դրուժբա» նավթամուղը։

«Բայց ամենակարևոր ուղերձը կլինի այն, որ Սլովակիան պատրաստ է հետևել Հունգարիային, եթե անհրաժեշտ լինի։ Ուկրաինային այս հսկայական ռազմական նվերի արգելափակումը օրինական միջոց է նավթի մատակարարումները վերականգնելու համար», – ասել է Ֆիցոն։

Ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» նավթամուղով դեպի Հունգարիա և Սլովակիա Ուկրաինայի տարածքով դադարեցվել են հունվարի վերջից, երբ Կիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հարձակումը հրդեհ է առաջացրել և լուրջ վնասել է նավթամուղը։

Մատակարարումների դադարեցումը հարևանների միջև առաջացրել է ամենասուր վեճերից մեկը 2022թ․ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։ Ուկրաինան պնդում է, որ նավթամուղը արագ վերանորոգել հնարավոր չէ, մինչդեռ Հունգարիան և Սլովակիան, որոնք շարունակում են ներմուծել ռուսական նավթ և պահպանել կապերը Մոսկվայի հետ, մեղադրում են Կիևին՝ քաղաքական դրդապատճառներով վերագործարկումը ձգձգելու մեջ։