Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան վկայականում չի նշվել, թե ինչպես եւ եւ ինչից է վրա հասել 48-ամյա երգչուհու մահը:
Քալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում ձեւակերպված փաստաթղթում «մահվան տեսակը» տողի դիմաց գրված է «հետաքննությունը չի ավարտվել», իսկ «մահվան անմիջական պատճառը» տողի դիմաց` «աշխատանքները շարունակվում են»:
Հայտնի երգչուհու պրոֆեսիոնալ գործունեությունը ներկայացված է այսպես. «զվարճանքների ինդուստրիայի գործիչ»,- հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով TMZ պարբերականը:
Ավելի վաղ TMZ-ն հայտնել էր, որ Հյուսթոնը կանխազգացել էր իր մահը: Մասնավորապես, փետրվարի 10-ին նա Հոլիվուդում հանդես է եկել Tru գիշերային ակումբում եւ կատարել Yes Jesus Loves Me երգը: «Ես շուտով կտեսնեմ Հիսուսին…, եւ ես ցանկանում եմ նրան ճանաչել»,- հայտարարել է Հյուսթոնն իր ընկերներից մեկի հետ զրույցում: Վերջինս նշել է, որ հաջորդ առավոտյան, այսինքն երգչուհու մահից ժամեր առաջ, նա ասել է, որ «զգում է իր մահվան մոտենալը»:
Միաժամանակ, ինչպես հաղորդել է Billboard-ը, Հյուսթոնի երեք հիթային երգեր կրկին չարթ են վերադարձել:
Շաբաթվա արդյունքներով, «I Will Always Love You» երգը զբաղեցրել է 7-րդ տեղը, «I Wanna Dance With Somebody (Who Loves Me)» երգը հայտնվել է 35-րդ, իսկ «Greatest Love of All» երգը` 41-րդ տեղում:
Հիշեցնենք, որ Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին, 48 տարեկան հասակում: Նրա մարմինը գտել են հյուրանոցի համարի լոգարանում:




























