Ամերիկյան լեգենդար երգչուհի  Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի համացանցում, որպեսզի բոլոր երկրպագուները կարողանան հրաժեշտ տալ նրան:

Քրիսթեն Ֆոսթերը` Հյուսթոնի ներկայացուցիչը, հաղորդել է, որ փետրվարի 18-ին արարողությունը ուղիղ հեռարձակմամբ կարել է դիտել Livestream կայքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի արբանյակային մի քանի հեռուստաալիքների ուղիղ եթերում, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Հիշեցնենք, Հյուսթոնի հոգեհանգիստը կկայանա Նյուարքի բապտիստական «Նոր հույս» եկեղեցում, որտեղի երգչախմբում նա երգել է երեխա ժամանակ: Հոգեհանգստին ներկա կարող են գտնվել միայն հարազատները, ընկերներն ու գործընկերները, ովքեր հատուկ հրավեր են ստացել: Հարազատները հրաժարվել են առավել վաղ որոշված Prudential Center մարզահամալիրում քաղաքացիական հոգեհանգիստ անցկացնելուց:

Երգչուհուն կհուղարկավորեն Ուեսթֆիլդի «Ֆեյրվյու» գերեզմանատանը` հոր կողքին: Նման ցանկություն երգչուհին քանիցս արտահայտել է կենդանության օրոք: