Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ այն դեպքում, եթե Հունգարիայի և Սլովակիայի կողմից վետո դրվի խոստացված 90 միլիարդ եվրոյի վարկի համար։ Այս մասին մարտի 11-ին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։

Մասնավորապես նշվում է, որ միավորման երկրների առաջնորդները հաջորդ շաբաթ կհավաքվեն Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում, որպեսզի համոզեն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և նրա սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոյին փոխել իրենց կարծիքը։

«Եթե այս զույգը (Ֆիցոն և Օրբանը) հրաժարվի զիջումների գնալ, Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներն այնուամենայնիվ ծրագրում են բավարար միջոցներ տրամադրել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա «ջրի երեսին մնալ» մինչև այս տարվա առաջին կիսամյակը», — ասվում է հոդվածում։

Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Բրյուսելը մտադիր է վարկ հատկացնել Ուկրաինային՝ չնայած հնարավոր դժվարություններին։

«Սա առաջին դեպքը չէ, երբ մենք Հունգարիայի հետ կապված նմանատիպ դժվարությունների ենք բախվում։ Այսպես թե այնպես, մենք կհատկացնենք այդ վարկը», — ասել է Դոմբրովսկիսը։

Պարբերականի տվյալներով՝ Նիդերլանդների ֆինանսների նախարար Էլկո Հեյնենը գործընկերներին հայտնել է, որ իր կառավարությունը նախատեսել է մինչև 2029 թվականը Կիևին տարեկան մինչև 3,5 միլիարդ եվրո ուղղելու հնարավորությունը։