Նույնականացման քարտերով ընտրական գործընթացներին մասնակցել չի թույլատրվելու: Այսօր` փետրվարի 16-ին, կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում (Ընտրական օրենսգրրքում, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին») փոփոխություններ կատարելու նախագծին, որը կարգավորում է անձը հաստատող փաստաթղթի վավերականությունը ընտրական տեղամասում:
Ըստ գործող օրենսդրության` անձը հաստատող փաստաթղթեր են անձնագիրը, նույնականացման քարտը եւ օրենքով թույլատրելի այլ փաստաթղթեր: Սակայն նույնականացման քարտի վրա կնիք դնել հնարավոր չէ, այդ պատճառով ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ կճանաչվի միայն անձնագիրը կամ դրան փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը:
Ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` նույնականացման քարտերը շրջանառության մեջ կդրվեն հունիսից հետո, երբ խորհրդարանական ընտրություններն արդեն ավարտված կլինեն, հետեւաբար` այս փոփոխությունները նախատեսված են հաջորդ ընտրությունների համար:
«Նույնականացման քարտերի պատրաստման ընթացքում պարզ դարձավ, որ դրանք չեն կարող ունենալ իրենց վրա թղթային մաս, կամ ունենալու դեպքում նրանց պաշտպանվածության աստիճանը էականորեն կիջնի: Այդ իսկ պատճառով որպես ընտրությունների մասնակցելու փաստաթուղթ նախատեսվում է բացառապես անձնագիրը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հ. Թովմասյանը:
Միաժամանակ, 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տրվում ստանալ թե նույնականացման քարտ, թե անձնագիր` հետագայում իրենց ընտրական իրավունքն իրացնելու նպատակով:




























