Ներկայումս հանրապետությունում ջրծաղկի համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է. հիվանդացության մակարդակը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

Ըստ այդմ, երկրի ողջ տարածքում, շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները վկայում են այն մասին, որ 2012 թվականի հունվարից դիտվում է ջրծաղիկով հիվանդացության աստիճանաբար նվազում:

Ինչ վերաբերում է մանկական կազմակերպություններում ջրծաղկով հիվանդացությանը, ապա հարկ է նշել, որ բռնկումներ չեն արձանագրվել, արձանագրվում են հատուկենտ դեպքեր, որոնց տեղայնացման եւ վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ:

Նշենք, որ ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Այն օժտված է բարձր վարակելիությամբ եւ տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչեւ 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` մանկական տարիքում:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետեւանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի եւ հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթեւ, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր: Սկզբում դիտվում է 1 օր տեւողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: Հիվանդը վարակիչ է մինչեւ վերջին կեղեւի ընկնելը: Կեղեւները թափվում են 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաեւ ոչ բնորոշ ախտանշաններով` անցան ձեւեր:

Ջրծաղիկը բարորակ հիվանդություն է, սակայն շատ փոքր տոկոս դեպքերում իմուն համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` երկրորդային վարակի միանալու հետեւանքով մաշկային բորբոքումներ, հազվադեպ` ջրծաղկային թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ եւ այլն: Ծանր է ընթանում նաեւ բնածին ջրծաղիկը: