ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել Սիրիայի  մասին բանաձեւին, որն ավելի վաղ առաջարկել էր Եգիպտոսը:

Բանաձեւը վճռականորեն քննադատում է «սիրիական իշխանությունների կողմից մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների»  շարունակական զանգվածային եւ պարբերական խախտումները եւ Դամասկոսին կոչ է անում «անմիջապես վերջ դնել մարդու իրավունքների բոլոր խախտումներին եւ քաղաքացիական անձանց վրա հարձակումներին, ապահովել բնակչության անվտանգությունը, ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքով սահմանված պարտականությունները»:

Բանաձեւին, որը վերնագրված էր «Իրավիճակը Սիրիայի Արաբական Հանրապետությունում»,  կողմ են քվեարկել 137 երկրներ, դեմ` 12, ներառյալ Ռուսաստանն ու Չինաստանը: Եւս 17 պետություն ձեռնպահ են մնացել:

Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը` մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ բանաձեւի նախագիծը չէր համապատասխանում այդ երկրի իրավիճակի կարգավորման հիմքային պահանջներին: Նրա խոսքով` այդ  սկզբունքների էությունն այն է, որ «Սիրիայում բռնությունը պետք է դադարեցվի բոլոր կողմերից, իսկ անհրաժեշտ որոշումները կարող են գտնվել միայն հենց իրենց` սիրիացիների կողմից եւ բոլորի համար բաց քաղաքական գործընթացում», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ռուսաստանը մի քանի ուղղումներ էր կատարել փաստաթղթում, բայց դրանք չէին ընդունվել: