Իրանի զինված ուժերը կպատասխանեն երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման, շաբաթ օրը հայտնել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, փոխանցել է Iran International-ը։

«Խարգ կղզու դեմ հարձակումն իրականացվել է մեր հարեւան պետությունների տարածքից, եւ ԱՄՆ-ը հրթիռներ է արձակում հարեւան երկրից՝ օգտագործելով HIMARS արձակման կայանքները: Մենք անպայման կպատասխանենք այդ հարձակումներին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արեւելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը՝ ամբողջությամբ ոչնչացնելով «իրանական կայսրության մարգարիտ» Խարգ կղզու բոլոր ռազմական թիրախները։

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաստատել են ռմբակոծության փաստը։

Մասնավորապես, Press TV-ի տեղեկացմամբ, ԱՄՆ օդային հարվածների հետեւանքով որոտացել է ավելի քան 15 պայթյուն, բարձրացելէ թանձր ծուխ։

Fars-ն իր հերթին հաղորդել է, որ կղզում ԱՄՆ թիրախների թվում են եղել ռազմական օբյեկտ, ռազմածովային բազա եւ ուղղաթիռների կառավարման աշտարակ։

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ կղզում իրավիճակը վերահսկողության տակ է։