Թրամփի վարչակազմը մերժել է մերձավորարեւելյան դաշնակիցների փորձերը՝ սկսել դիվանագիտական բանակցություններ՝ ուղղված ամերիկա-իսրայելական պատերազմն ավարտելուն, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
Իր հերթին, Իրանը մերժել է հրադադարի ցանկացած հնարավորություն այնքան ժամանակ, քանի դեռւ ԱՄՆ եւ Իսրայելի հարվածները չեն դադարել, գործակալությանը հայտնել են իրանական երկու բարձրաստիճան աղբյուրներ՝ ավելացնելով, որ մի քանի երկրներ փորձել են միջնորդել հակամարտության դադարեցմանը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թրամփը մերժել է հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու փորձերը եւ կենտրոնացած է պատերազմը շարունակելու վրա՝ Թեհրանի ռազմական կարողություններն էլ ավելի թուլացնելու համար, հաղորդել է Reuters-ը։
«Նա հենց հիմա դրանով հետաքրքրված չէ, եւ մենք պատրաստվում ենք շարունակել առաքելությունն անփոփոխ։ Գուցե մի օր, բայց ոչ հենց հիմա։ Նախագահ Թրամփն ասել է, որ Իրանի նոր պոտենցիալ ղեկավարությունը հասկացրել է, որ ցանկանում է բանակցություններ վարել եւ, ի վերջո, կվարի դրանք։ Այս պահին «Էպիկական կատաղություն» գործողությունը շարունակվում է սովորականի պես»,- նշել են աղբյուրները։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Ալի Լարիջանին եւ արտգործնախարար Աբաս Արաղչին նույնպես փորձել են Օմանն օգտագործել որպես հրադադարի բանակցությունների վայր, որոնց, ինչպես ենթադրվում էր, պետք է մասնակցեր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Սակայն այդ բանակցությունները ձախողվել են։





























