Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն առանց ուշադրության չի թողել ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրված Էնրիկե Կապրիլեսին: Այդ «անհաջողակին» եւ «ստոր խոզին» Չավեսը խոստացել է փոշի դարձնել հոկտեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում:

Gazeta.ru-ն գրում է, որ Չավեսի կողմից իր ընդդիմախոսի հասցեին ուղղված լուտանքների հեղեղին ներկա է եղել նաեւ Չավեսի ընկերը` հոլիվուդյան դերասան Շոն Փենը: Դա տեղի է ունեցել ուսանող-բժիշկներին դիպլոմների հանձնման արարողության ժամանակ:

«Դու խոզի պոչ ունես, խոզի ականջներ եւ խռխռացնում ես խոզի նման, դու ստոր խոզ ես եւ մի փորձիր թաքցնել դա»,-Կապրիլեսի հասցեին «հաճոյախոսություններ» է շռայլել Չավեսը:

Վենեսուելայի նախագահի կողմնակիցներն արդեն վեր են հանել Կապրիլեսի հրեական արմատները եւ ուշադրություն հրավիրել «սիոնիզմի» վտանգի մասին: Միաժամանակ, տարածված ծաղրանկարներում Կապրիլեսը պատկերված է սվաստիկայով: Սակայն ընդդիմադիր թեկնածուին դեմ գլխավոր մեղադրանքն այն է, որ նա ԱՄՆ դրածոն է:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Վենեսուելայի քաղաքացիները մասնակցել են ընդդիմադիր թեկնածուի համընդհանուր ընտրություններին: Արդյունքում Չավեսի մրցակից է դարձել Միրանդայի նահանգապետ Կապրիլեսը: