Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վայդեֆուլը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Եվրոպական միության «Aspides» ռազմածովային առաքելության հնարավոր ընդլայնմանը մինչև Հորմուզի նեղուց։

Ըստ ԳՖՀ արտաքին գործերի նախարարի, Կարմիր ծովով առևտրային բեռների անցմանն աջակցելու առաքելությունը «անարդյունավետ» էր։

«Եվ հենց այդ պատճառով ես շատ թերահավատորեն եմ վերաբերվում այն մտքին, որ «Aspides»-ի ընդլայնումը մինչև Հորմուզի նեղուց կապահովի ավելի մեծ անվտանգություն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ շատ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համատեղ կարող են ռազմական նավեր ուղարկել՝ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար:

Այն երկրների թվում, որոնց վրա նա հույս ունի, Թրամփը մասնավորապես նշել էր Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը: