Թերթը զրուցել է հայ հայտնի սցենարիստ, լայն տարածում գտած «Վերվարածները» եւ «Որոգայթ» սերիալների հեղինակ Արթուր Ղուկասյանի հետ:  Ներկայացնում ենք զրույցի մի հատվածը:

Հայկական շատ սերիալների քննադատում են եւ սցենարային հիմքի, եւ ռեժիսուրայի, եւ  դերասանական խաղի բացակայության համար:

Իսկ ո՞վ  է դա ժխտում: Եւ այդ քննադատությունը շատ առումներով արդար է: Բայց ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում:

Եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես են ստեղծվում հայկական սերիալները: Առաջին հերթին, դրանք ստեղծվում են այդ սերիալում առկա գովազդից ստացված գումարների հաշվին: Եթե գովազդի րոպեն ռուսական կենտրոնական հեռուստաալիքով արժե տասնյակ հազարավոր դոլարներ, ապա այստեղ դրա մեկ րոպեն արժե 120 հազ. դրամ: Ուղղակի անհամեմատելի թվեր են:

Համապատասխանաբար, մեկ սերիա արտադրելու համար ռուսները մոտ 100-150 հազ. դոլար են ծախսում, մենք ընդամենը հազար դոլար: Եվ սցենարիստի, ռեժիսորի ու դերասանների աշխատավարձը այստեղ եւ այնտեղ միանգամայն տարբեր են:

Երկրորդ, Հայաստանում չի եղել եւ չկա սցենարային դպրոց: Դա մասնագիտություն է, ընդ որում` բավական բարդ: Մեզ մոտ այդ մասնագիտությունը երբեք չեն սովորեցնում:

Այստեղ սցենար գրողների մեծամասնությունը չգիտի, թե ինչ է դրամատուրգիական կոնֆլիկտը, սյուժետային գիծը, հանգուցալուծումը, կուլմինացիան եւ այլն, եւ պատշաճ եւ հավաստի երկխոսություն գրել չգիտեն: Համապատասխանաբար, տուժում է սերիալի մակարդակը, քանի որ ցանկացած սերիալ առաջին հերթին դրամատուրգիա է:

Եւ երրորդ, հեռուստադիտողի մակարդակը: Եվ ընդհանրապես, երկրի մակարդակը: Ավելի ճիշտ, այս կետը պետք է առաջինը նշվեր, եւ այն կարելի է ձեւակերպել այսպես. Ինչպիսին երկիրն ու հեռուստադիտողն է, այնպիսին էլ սերիալներն են: Դժվար է Հայաստանի նման աղքատ երկրից, որի հեռուստադիտողի մակարդակը բավական ցածր է, գլուխգործոց սերիալներ ակնկալել: