Աշգաբադում` Կոնգրեսների պալատում տեղի է ունենում Թուրքմենստանի վերընտրված նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի երդման արարողությունը:
Արարողության ընթացքում պատվավոր թիկնազորի զինվորները պետք է Կոնգրեսների պալատի բեմ բարձրացնեն պետական դրոշը, նախագահական դրոշը (շտանդարտ) եւ երկրի սահմանադրությունը: Երբ Բերդիմուհամեդովը երդվի սահմանադրության վրա, նրան կհանձնվի պետության ղեկավարի վկայականը, նախագահի տարբերանշանը, եւ այդ պահից նա պաշտոնապես կստանձնի նախագահի պաշտոնը հաջորդ հինգ տարիներին:
Սպասվում է, որ պետության ղեկավարը կոչով կդիմի ժողովրդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքմենստանի նախագահի երդման արարողությանը մասնակցում են երկրի ղեկավարությունը, արտասահմանյան հյուրեր, Թուրքմենիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, կուսակցությունների եւ հասարակական շարժումների ներկայացուցիչներ, Թուրքմենիայի բոլոր շրջանների ավագանու եւ հոգեւորականության ներկայացուցիչներ, գիտության, մշակույթի, արվեստի կարկառուն գործիչներ:
Այսօրվա երդման արարողության ընթացքում նախատեսվում է ցրել կառավարությունը: Կառավարության անդամները պաշտոնապես կհայտարարվեն «պաշտոնակատարներ», քանի դեռ նոր նախագահը նոր կառավարություն չի ձեւավորել:
Հիշեցնենք, Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը սույն թվականի փետրվարի 12-ին հաղթել է նախագահական ընտրություններում, որին մասնակցել են եւս յոթ թեկնածուներ: Նա հավաքել է ընտրողների քվեների 97,14%-ը, ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 96,7 %:




























