Անհեթեթություն է խոսել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ ընդգրկելու մասին: Այդ մասին հայտարարել է Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը` ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ:

Նա նշել է, որ 1988 թ.-ին, երբ սկսեց ղարաբաղյան շարժումը, դժվար էր պատկերացնել նման կոնֆերանսի անցկացումը: «Այն ժամանակ այլ նպատակներ կային, Ղարաբաղը գտնվել է Ադրբեջանի կազմում, ամբողջ ղեկավար կազմը նշանակվում էր Ադրբեջանից»,-նշել է Մանուկյանը:

Նրա խոսքով, այն ժամանակ ղարաբաղյան շարժումը ներկայացվում էր ԽՍՀՄ-ում ստեղծված ընդհանուր իրավիճակի ֆոնի վրա եւ վերագրվում Միխայիլ Գորբոչովի հռչակած քաղաքական կուրսին: Սակայն Սումգայիթի իրադարձություններով եւ Ադրբեջանում հայ բնակչության կոտորածով փորձ արվեց հարցը իրավական դաշտից տեղափոխել էթնիկ դաշտ. դա չհաջողվեց:

«Անցել է 20 տարի, Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, եւ այլ կարգավիճակի քննարկումը անհեթեթություն է»,-շեշտել է Մանուկյանը: Այդ կապակցությամբ, նա հիշեցրել է, որ վերջին հարյուրամյակների պատմությունը չգիտի մի դեպք, երբ անկախ պետությունը ներառվել է այլ պետության կազմի մեջ: «Ժողովուրդն ինքն է որոշում իր ճակատագիրը, ով էլ որ ստորագրություն չդնի այս կամ այն փաստաթղթի տակ»,-նշել է Մանուկյանը` հավելելով, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցող կողմ:

Կրկին ընդգծելով, որ ԼՂՀ անկախության հռչակումը իրականացվել է անթերի իրավական հիմքի վրա` Վազգեն Մանուկյանը նաեւ հավելել է, որ կա վտանգ, որ Ադրբեջանը, գիտակցելով, որ անհնար է Լեռնային Ղարաբաղը ստանալ իրավական հիմքերի վրա, կարող է դիմել հարցի լուծման ռազմական ճանապարհին: «Հարցն այն է, թե որքանով է Լեռնային Ղարաբաղի հարցը առնչվում է միջազգային գործընթացների հետ: Կարծում եմ, որ առնչվում է, քանի որ աշխարհում երկու հակասական գործընթացներ են նկատվում` գլոբալիզացիա եւ միաժամանակ մասնատում»,-նշել է Մանուկյանը` բերելով Շոտլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի օրինակները: «Այդ գործընթացում հնարավոր չէ ստիպել անկախ պետությանը մտնել այլ պետության կազմի մեջ: Դա հնարավոր չէ»,-շեշտել է Վազգեն Մանուկյանը: