Ոչ մեծ Cessna 182 ինքնաթիռը պատահաբար հայտնվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղղաթիռի համար նախատեսված օդային միջանցքում` Լոս Անջելոսի տարածքում: Քանի որ հերթապահին չի հաջողվել կապ հաստատել օդաչուի հետ, օդ են հանվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ, որոնք այն իջեցրել են Լոնգ Բիչ օդանավակայանում:
Ինչպես պարզվել է, օդաչուն չի ցանկացել խանգարել Սպիտակ տան ղեկավարին, պարզապես սխալվել է, սակայն անհաջողակ օդաչուին այլ բանի համար են բռնել. Ինքնաթիռը խուզարկելիս ոստիկանությունն այնտեղ 18 կգ մարիխուանա է հայտնաբերել, գրում է rbc-ն:
Օդաչուին հանձնել են իրավապահ մարմիններին: Նա հրաժարվել է ասել, թե ով է մարիխուանայի տերը եւ արդյոք դրա տեղափոխումն օրինական ճանապարհով էր կատարվում:
Դեպքի մասին տեղեկատվությունը հասանելի է դարձել միայն ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության շնորհիվ: Օբամային ուղեկցող մամուլի ներկայացուցիչների ուղղաթիռում նստած լրագրողները այդպես էլ ոչինչ չեն նկատել:


























