Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ական դառնալը նրա անձնական որոշումն է եւ դա չի կարող թուլացնել ՀՀԿ-ին: Այս մասին, այսօր` փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը:
Նրա խոսքով, Վարդան Օսկանյանը երբեք չի հեռացել քաղաքականությունից, լինի ԲՀԿ-ում, թե ԲՀԿ-ից դուրս:
«Դա ՀՀԿ-ի հետ որեւէ կապ չունի եւ չի կարող թուլացնել ՀՀԿ-ին, ինչպես որ չի կարող վարկաբեկել ԲՀԿ-ին»,-ասաց Բադեյանը, հավելելով, որ Օսկանյանի ԲՀԿ-ական դառնալուց իրենք լաց չեն լինում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մարդիկ, ովքեր չեն հայտնվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, անդամակցեն ԲՀԿ-ին, գործարար պատգամավորը դա ծիծաղելի համարեց:
Ասուլիսի մյուս բանախոսը` ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն էլ նշեց, որ Վարդան Օսկանյանը փոքր ինչ լոյալ քայլի գնաց, ինչը մարտավարական քայլ է ընտրություններից առաջ: Այդ տեսանկյունից, ըստ նրա քայլն արդարացված է եւ եզակի դեպք չէ մեր իրականության մեջ: Որպես նման օրինակներ, Մելիքյանը հիշեց ՀԱԿ-ից հեռացած եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծած ՀՀՇ-ականներին:




























