Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Media ընկերության տնօրենը Britains Got Talent (Բրիտանիայում տաղանդներ կան) հեռուստաշոուի հովանավորության բազմամիլիոնանոց պայմանագիր է ստորագրել, եւ այժմ հովանավոր Virgin Galactic ընկերությունը կազմակերպիչների հետ բանակցություններ է վարում ծրագրի հաղթողին տիեզերք թռչելու հնարավորություն ընձեռելու համար:

Անգլիացի հաղորդավար եւ շոուի պրոդյուսեր Սայմոն Քովելը հայտարարել է, որ իրեն այդ գաղափարը դուր է գալիս. Պայմանավորվածության հասնելու դեպքում շոուի հաղթողները իրենց համարը տիեզերքից կատարելու յուրօրինակ հնարավորություն կստանան:

«Խոսքը միլիոն ֆունտի մասին է, բայց Ռիչարդն անկեղծորեն ցանկանում է դա: Իհարկե, մենք պետք է մտածենք մանրամասների մասին: Եթե դուք ձեռնածու եք, հարկավոր է ավելի ծանր գնդակներ պատվիրել: Եթե սա տեղի ունենար մի քանի տարի առաջ, Սյուզան Բոյլը կարող էր երգել Unchained Melody-ն ողջ մոլորակի առջեւ»,- Քովելի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով HotelierMiddleEast-ին:

Britains Got Talent շոուն առաջին անգամ բրիտանական հեռուստատեսությամբ եթեր է դուրս եկել 2007թ.: Ներկայումս դրա համաբանությամբ շոուներ են գործում աշխարհի ավելի քան 40 երկրներում: Հայաստանում դա «Թաքնված տաղանդ» շոուն է:

Virgin Galactic ընկերությունն առաջարկում է ենթաուղեծրային  թռիչքներ` շուրջ 100 կմ բարձրության վրա: Ուղեւորների հետ առաջին թռիչքը կարող է կատարվել արդեն  2012թ.: Արդեն ավելի քան  400 մարդ Virgin Galactic-ի առաջարկած  տիեզերական տուրեր են ձեռք բերել` 200 հազար դոլարով: