ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումները չի բացառում, բայց միաժամանակ նկատում, որ ընտրախախտումներն անում է հասարակության մի հատվածը, իսկ հանրությունն էլ պատրաստ է կեծիքների: Այս մասին նա հայտարարեց այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ասուլիսին հրավիրված Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն էլ նկատեց, որ սա էլիտայից զուրկ հասարակության հետեւանքն է: Այսինքն, ըստ նրա, այն մարդիկ, ովքեր պետք է լինեին էլիտայում, իրենց տեղում չեն:
Ի դեպ, Արման Մելիքյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին, քանի որ համարում է, որ առաջիկա ընտրությունները ճահճային ընտրությունների վերջին գագաթնակետն են լինելու, որը վեր կհանի ամբողջ փրփուրը:
Մանվել Բադեյանն էլ արձագանքեց, որ չի ցանկանում Վանգա տատիկի կամ Սողոմոն իմաստունի լիազորություններ վերցնել իր վրա եւ հայտարարել, որ ընտրությունները պետք է լինեն կեղծիքներով լի: Նա նաեւ զարմանք հայտնեց, թե որտեղից են այդ հոռետեսական տրամադրությունները:




























