Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այսօր ստեղծված իրավիճակում ստատուս-քվոն միակ ընդունելի տարբերակն է: Այդ մասին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ Ստեփանակերտում «ԼՂՀ Անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ:

Աթանեսյանի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ միջնորդները փորձում են հիմնավորել, թե ԼԵռնային Ղարաբաղի չլուծվածությունը խոչընդոտում է Հարավային Կովկասի եվրոնտեգրմանը: Այս հայտարարությունը ոչ միայն լուրջ չէ, այլեւ զուրկ հինավորումից: «Պատմությունը չգիտի ունիվերսալ լուծման երկու նույնպիսի օրինակներ, այլապես չէր անցնի երկու համաշխարհային պատերազմներով:

Ժամանակակից աշխարհը չի հուշում համակեցության այնպիսի կարգ, որով Լեռնային Ղարաբաղը կարողանա հաշտ ապրել Ադրբեջանի կազմում»,- նշեց Աթանեսյանը եւ հավելեց. «Անհամատեղելիները չեն համատեղվում: Արեւմուտքն ու Արեւելքը համատեղելի չեն, եւ այսօր դրանց միջեւ սահմանն անցնում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանով»:

ԼՂՀ ԱԺ պատգամավորը վստահ է, ներկա իրավիճակն այնպիսի է, որ ստատուս-քվոն միակ ընդունելի տարբերակն է, որի շուրջ միջազգային կենտրոնները կարողանում են հավասարակշռել համակարտության կարգավորումը:

Աթանեսյանը նշեց, որ անկախության 20-ամյա ճանապարհ անցած ԼԵռնային Ղարաբաղը ինքնավար սուբյեկտ է, եւ այսօր մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի զարգացումն է, իսկ իրավիճակը արտաքին միջամտությամբ փոխելու փորձի դեպքում դրա այլընտրանքը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի ճանաչումը:

Միջազգային կոնֆերանսի կազմակերպիչը ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարությունները կազմակերպող եւ համակարգող  ԼՂՀ պետական հանձնաժողովն է` Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի, Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի մասնակցությամբ, NEWS.am տեղեկատվա-վերլուծական գործակալության հետ համագործակցությամբ: