Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը փետրվարի 17-ին ժամանել է Մոսկվա բանակցելու Մախաչկալայի «Անժի» ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Sovsport.ru-ն: Մախաչկալայի թիմն այժմ հավաք է անցկացնում Թուրքիայում:
Փետրվարի 13-ին «Անժիից» հեռացավ թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը: Ավելի վաղ հեռացվել էր ակումբի գլխավոր տնօրեն Ալան Սոզիեւը:
Բրիտանական The Daily Telegraph-ի տվյալներով, հոլանդացի Հիդինկի աշխատավարձն «Անժիում» կկազմի տարեկան 8,3 միլիոն ֆունտ ստերլինգ:
Առաջին պաշտոնական հանդիպումն այս տարի «Անժին» կանցկացնի մարտի 5-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ, Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրի շրջանակում: Ռուսաստանի առաջնությունում «Անժին» վաստակել է 52 միավոր եւ ընթանում է 7-րդ տեղում:



























