Լեռնային Ղարաբաղը կարող է ընդգրկվել Ադրբեջանի կազմում միայն լայնամասշտաբ պատերազմի եւ հաջորդող էթնիկ զտումների իրականացման դեպքում: Այդ մասին հայտարարել է Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը` հանդես գալով ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ:

Նա նշել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությունը դիտվում է որպես գործոն, որը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը, ընդ որում սառեցվում են ոչ միայն հակամարտությունները, այլ նաեւ դրանց լուծման ուղիները:

Սուրեն Զոլյանը հիշեցրել է, որ մինչեւ հիմա բոլոր հայտարարությունները կենսունակ չեն եղել, իսկ տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն չի նկատվում, մասնավորապես մերժվում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական բյուջեն:

«Ադրբեջանի բյուջեն` ռազմական ժամանակաշրջանի բյուջե է»,-հիշեցրել է Սուրեն Զոլյանը` հավելելով, որ ԼՂՀ-ի շուրջ կառուցված պատը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կամք եւ ցանկություն չի դրսեւորում տրամաբանական համագործակցության համար: «Թեեւ տարբեր հարցերում ունեցած բազմաթիվ հակասություններին` Ղարաբաղի հարցում միջնորդները բացառիկ միակարծություն են դրսեւորել` պնդելով, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Կոսովոյի անկախությունը չի կարող լինել նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար»,-նշել է Զոլյանը:

Անդրադառնալով ԼՂ-ի քաղաքական կարգավիճակի հարցին` Զոլյանը նշել է, որ Արեւմուտքի ներկայացուցիչներին կարելի է հարց ուղղել` իսկ ինչ կլիներ Հարավսլավական պետությունները կերտողների հետ, եթե ինքնորոշման իրավունքը գործեր ոչ թե Հարավսլավիայի, այլ միայն Սերբիայի շրջանակներում: «Պատասխանն ակնհայտ է, բայց չգիտես ինչու կիրառելի չէ Լեռնային Ղարաբաղի հարցում»,-ասել Զոլյանը` հավելելով, որ բանակցային գործընթացն անհասկանալի է առանց ԼՂ-ի մասնակցության: