Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը աղմկահարույց սկանդալից հետո որոշել է հրաժարական տալ: Վուլֆի խոսքով, Գերմանիային պետք է նախագահ, որ կվայելի պետության քաղաքացիների մեծամասնության օժանդակությունը:
«Վերջին շաբաթների եւ օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ իմ հանդեպ տածած վստահությունը եւ իմ աշխատանքի շարունակությունը լուրջ տուժել են: Այդ պատճառով ես այլեւս հնարավոր չեմ համարում շարունակել իմ պաշտոնավարությունը:
Այսօր ես հրաժարական եմ տալիս, որպեսզի ազատեմ իմ հաջորդի ուղին»,-ասել է Վուլֆը լրագրողներին: Նրա հաջորդի անունը դեռ հայտնի չէ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Հաննովերի դատախազության պահանջ էր ներկայացրել Քրիստիան Վուլֆին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հայցն ուղարկվել էր ԳԴՀ-ի Բունդեսթագ:
Գերմանական լրատվամիջոցներն ավելի վաղ Վուլֆին մեղադրել էին կասկածելի շահավետ պայմաններով տուն գնելու վարկ եւ արտոնյալ պայմաններով Audi ավտոմեքենա վարձակալելու մեջ:




























