Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների բոլոր աշխատակիցները առաջին բուժօգնության դասընթացներ են անցնում: Նման հանձնարարական է տվել ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` փետրվարի 17-ին ԱԻՆ-ում առաջին բուժօգնության հմտությունների դասընթաց էր կազմակերպվել ԱԻՆ ղեկավար կազմի համար։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հրավիրված մասնագետը ներկայացրել է առաջին բուժօգնության հիմունքները` սիրտ-թոքային վերակենդանացում, առաջին օգնություն վնասվածքների, այրվածքների, ցրտահարության, կոտրվածքների, օձերի խայթոցների դեպքում:

Դասընթացի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել մասնագետին։

Նախարար Երիցյանը կարեւորել է նման ուսուցման կազմակերպումը, նշելով, որ ձեռք բերված հմտություններն անհրաժեշտ են յուրաքանչյուրին` ինչպես մասնագիտական գործունեության ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում։

Առաջին բուժօգնության դասընթացները շարունակական են լինելու։