Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 25-ին ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Էռնեկյանը նախագահին ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքի ու ապագա անելիքների մասին: Էդուարդո Էռնեկյանն ուրախությամբ ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են:
Սերժ Սարգսյանը կարեւորել է նախատեսված ժամկետներում «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շինարարարական աշխատանքների ամբողջական ավարտը, ինչը հնարավորություն կտա 2011 թ. տարեկան սպասարկել շուրջ 3 մլն ուղեւորի, ինչպես նաեւ փոստային հաղորդակցության ոլորտում նախատեսված աշխատանքների պատշաճ կատարումը` որակյալ ծառայություններ մատուցելու մեր քաղաքացիներին հանրապետության թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում:
Նախագահ Սարգսյանը հատուկ կարեւորություն է տվել ֆերմերային եւ սննդի վերամշակման շուկաների զարգացման ուղղությամբ հայազգի գործարարի կողմից ներդրվող ջանքերին ու նախատեսված առաջիկա անելիքներին:


























