Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր` փետրվարի 17-ին, Մաշտոցի այգում, բնապահպան ակտիվիստների կազմակերպած ակցիայի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Երեւանի Մաշտոցի պողոտային հարող այգում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 16-ին եւ 17-ին փորձում են կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները:

ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն եւ առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության:

Իրավիճակի անհարկի սրումը եւ դրանով պայմանավորված` վարչական հարկադրանքի կիրառումը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից, եւ իրենց բողոքն արտահայտել «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխանող եղանակներով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ի առավոտյան, Մաշտոցի պուրակում մի քանի տասնյակ ոստիկաններ են հավաքվել` ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ եւ նրանց օժանդակությամբ բանվորները փորձել են շինարարություն սկսել այգու տարածքում: Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին եւ պահանջել 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը:

Ոստիկանները նշում են, որ իրենք վստահ են, որ այգում շինարարություն իրականացնելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը հիմնավոր է, ու քանի որ, ըստ ոստիկանների, ակցիայի մասնակիցների թիվն անցնում է 100-ից, դա ենթադրում է, որ ակցիայի կազմակերպիչները պետք է քաղաքապետարանից գրավոր թույլտվություն ունենան` ակցիա իրականացնելու համար:

Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին նշում են, որ իրենք արդեն մի քանի օր է այգում ակցիա են իրականացնում եւ թույլ չեն տալու, որ անօրինական շինարարություն իրականացվի այգում:

Հիշեցնենք, որ այս խնդրով «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունները եւ բնապահպանական ակտիվիստները 2 օր առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:

Մաշտոցի պուրակում հավաքված բնապահպանական ակտիվիստները պահանջում են, որ իրենց այցելի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մենք շարունակելու ենք մնալ այստեղ, սակայն մեր բոլոր գործողությունները լինելու են բացառապես խաղաղ»,- հայտարարել էր ակտիվիստ Եղիա Ներսիսյանը: