Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում` մինչեւ փետրվարի 27-ը պետք է Աժ ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիր ստորագրի: «Աժ ընտրությունները կարող են անցկացվել ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Նշված տասնօրյա ժամանակահատվածում կիրակիները երկուսն են` ապրիլի 29-ը եւ մայիսի 6-ը: Նշենք նաեւ, որ նախորդ` 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել շաբաթ օրը` մայիսի 12-ին: Ամեն դեպքում խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ շաբաթ կամ կիրակի օրը, որովհետեւ, ի տարբերություն նախագահական ընտրությունների, Աժ ընտրությունների քվեարկության օրն օրենքով սահմանված չէ ոչ աշխատանքային օր: Գրեթե հստակ է, որ ՀՀ իշխանությունները մտադրվել են Աժ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել: Այդ դեպքում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների առաջադրումները պետք է սկսվեն մարտի 12-ին եւ տեւեն տասը օր: Նաեւ սրանով է պայմանավորված, թերեւս, որ ՀՀԿ համագումարի օրը, որ ի սկզբանե հայտարարված էր մարտի 17-ին, տեղափոխվեց մարտի 10-ին: Այլապես կստացվեր, որ ՀՀԿ-ականները պատգամավորի թեկնածու առաջադրվելու իմաստով կարող էին ցայտնոտի մեջ ընկնել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: