ԱՄՆ-ը Ռուսաստանին եւ Չինաստանին զրկել է «սիրիական ժողովրդի բարեկամների» կարգավիճակից: Այդ կարգավիճակից տվյալ երկրները զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Սիրիայի մասին բանաձեւին չաջակցելու համար: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդի խոսքից: 

Մեկնաբանելով Պեկինում պաշտոնական անձանց ելույթներն այն մասին, թե Չինաստանը պաշտոնական հրավեր չի ստացել «Սիրիայի բարեկամների խմբի» կոնֆերանսին մասնակցելու համար, Նուլանդը նշել է, որ «կազմակերպիչները դեռեւս աշխատում են մի շարք երկրների հետ, եւ հրավերները որպես այդպիսին դեռեւս չեն ուղարկվել», սակայն հաստատել է, որ ԱՄՆ-ն «արդեն հրավիրվել է կոնֆերանսի տեր երկրի կողմից»:

Նրանից հետաքրքրվել են, թե պե՞տք է արդյոք լինել «ԱՄՆ-ի ընկերը` Սիրիայի ընկեր դառնալու համար»: «Պետք է լինել սիրիական ժողովրդի ընկերը», - իրեն չի կորցրել ամերիկյան դիվանագետը:

Ըստ Նուլանդի` Վաշինգթոնն արդեն ասել է, որ հույս ունի  «Սիրիայի բարեկամների խմբի»  կազմում տեսնել մեծ թվով պետություններ, որոնք խոսքով եւ գործով աջակցել են սիրիական ժողովրդին:  Նման տրամադրության արտահայտումը Նուլանդն անվանել է ՄԱԿ-ի ԳՎ-ի Սիրիայի հարցով ընդունած բանաձեւի աջակցություն, ինչպես նաեւ ԱՊԼ-ի կայունացման նախագծի հետ համերաշխություն: «Դժբախտաբար, Չինաստանն այդ կատեգորիայի մեջ չի մտնում, ինչպես նաեւ Ռուսաստանը», - հայտարարել է Նուլանդը:

Պետքարտուղարության ներկայացուցիչները մեկ անգամ եւս վստահություն են հայտնել, որ Սիրիայի նախագահը շուտով կլքի իր պաշտոնը: «Մենք կենտրոնացնում ենք ուշադրությունն ընդդիմության ամրապնդման եւ միասնության վրա, որպեսզի նա պատրաստ լինի այն օրվան, երբ Ասադը կհրաժարվի իշխանությունից, որը նա, վերջիվերջո, անելու է,  եւ դա թույլ կտա իրագործել ԱՊԼ-ի նախագիծը կամ էլ նման մի բան», - հայտարարել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: