Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երկրին բռնությունների շարք, պատերազմ եւ քաոս է կանխատեսել ընտրություններին ընդդիմադիր հակառակորդի հաղթելու դեպքում: Այդ ամենից, անխոս,  կարելի է խուսափել սպասվող նախագահական ընտրություններին իր օգտին քվեարկելով:

Իր համախոհների հանրահավաքին ելույթ ունենալով` Չավեսը հայտարարել է, որ միակ երաշխիքը, որ «բուրժուազիայի» իշխանությունը կտա Վենեսուելային, իսկ հենց դրան է հասնելու երկիրը  Էնրիկե Կապրիլեսի հաղթանակի դեպքում, «պատերազմի, բռնության եւ երկրում հուզումների երաշխիքն» է լինելու եւ խոստացել է, որ իրադարձությունների նման զարգացում թույլ չի տա: 
Իսկ իր` Չավեսի հաղթանակը Վենեսուելային թույլ կտա շարունակել վստահ ընթանալ տնտեսության, ժողովրդավարության զարգացման եւ կենսամակարդակի բարելավման ուղով, հայտնում է Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավեսը մարդկանց ներկայությամբ իր հակառակորդ Կապրիլեսին «ստոր խոզ» էր անվանել:

Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի հոկտեմբերի 7-ին: Որպես Չավեսին հակառակորդ ընտրություններում հանդես կգա ընդդիմության միակ թեկնածու Միրանդա նահանգի նահանգապետ ձախ դիրքորոշում ունեցող Էնրիկե Կապրիլեսը: