Ժողովրդական դիվանագիտությունը հարթակ է, որտեղ կարող են մոդելներ փորձարկվել` պաշտոնական քաղաքականության մեջ հաշտության հասնելու համար: Այս մասին այսօր` փետրվարի 18-ին, հայտարարել է ԼՂՀ միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Շաննա Կրիկորովան, հանդես գալով Ստեփանակերտում ընթացող «ԼՂՀ Անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ:

Նրա կարծիքով, միամիտ կլիներ մտածել, որ ժողովրդական դիվանագիտությունը կարող է բերել լուրջ վեճերի լուծման: Բայց կան բազմաթիվ օրինակներ, երբ ժողովրդական դիվանագիտությունը նպաստել է ատելության մակարդակի նվազմանը, օգնել դադարեցնել արյունահեղությունը, փորձարկել է համագործակցության մոդելները, որոնք հետո կիրառվել են պաշտոնական դիվանագիտության կողմից:

Վերջին 20 տարիների պատմության էքսկուրս կատարելով, փորձագետը նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն փորձում է խոչընդոտել ցանկացած միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության նախաձեռնություններին: Այդ համատեքստում նա նշել է, որ ԵՄ-ն որոշակի ռազմավարություն չունի ԼՂ խնդրի կարգավորման հարցում եւ խոսքը միայն իրենց ներկայությունը տարածաշրջանում ապահովող նախագծերի մասին է:

«Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց ինտեգրման, սակայն գլխավոր խնդիրը պետք է լինի ազատություն եւ առանց սեփական ինքնության ու բարեկեցության համար վախենալու կյանք ապահովելը»,-ասել է փորձագետը:

Միջազգային կոնֆերանսի կազմակերպիչը ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարությունները կազմակերպող եւ համակարգող  ԼՂՀ պետական հանձնաժողովն է` Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի, Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի մասնակցությամբ, NEWS.am տեղեկատվա-վերլուծական գործակալության հետ համագործակցությամբ: