Ռուսաստանի նախագահի թեկնածուները ֆարս են անվանել եւ հրաժարվել ստորագրել ԱԻՆ-ի ղեկավար, Վլադիմիր Պուտինի վստահված անձ Սերգեյ Շոյգուի առաջարկած եւ  քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հեղինակած հասարակական պայմանագիրը «Ռուսաստանում իշխանության ժողովրդավարական ընթացակարգերի ձեւավորման պայմանների մասին»:

Այդ փաստաթուղթը Սերգեյ Միրոնովը, Գենադի Զյուգանովը, Միխայիլ Պրոխորովը եւ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել էին նախօրեին, հայտնում է «Կոմերսանտ» թերթը: Պայմանագիրը կոչ է անում վերահաշվել Պետդումայի ընտրությունների ձայները` դա անվանելով երկրում տիրող քաղաքական քաոսը դադարեցնելու միակ միջոցը: Պայմանագիրը պետք է ստորագրեն նաեւ գլխավոր դատախազ Յուրի Չայկան,  ՆԳ-ի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը եւ Ռուսաստանի պատասխանատու բոլոր քաղաքական ուժերը:

ԱԻՆ-ում մատնանշել են, որ պայմանագրի հեղինակներն են Սերգեյ Կուրղինյանը եւ լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը, որոնց նույնպես առաջարկվել է այն ստորագրել:

Պարֆյոնովը, սակայն, հեղինակային իրավունքից հրաժարվել է: Լրագրողը պատմել է, որ նման պայմանագրի ստեղծման առաջարկությունն ինքն ստացել է Սերգեյ Շոյգուից փետրվարի 16-ին` Առաջին ալիքի «Քաղաքացի Գորդոն» հաղորդման նկարահանման ժամանակ:  Հաղորդմանը մասնակցում էին նախագահի թեկնածուները, Պարֆյոնովը եւ Կուրղինյանը, ինչպես նաեւ Բոլոտնայա հրապարակի եւ Պոկլոննայա լեռան հանրահավաքների նրանց համախոհները:

Ենթադրվում է, որ պայմանագիրը ստորագրողների հանդիպումը տեղի կունենա ԱԻՆ-ում` փետրվարի 20-ին: Սակայն նախագահի թեկնածուները հրաժարվել են այն ստորագրել:

Պրոխորովը նշել է, որ ստորագրողների շարքում Վլադիմիր Պուտինի անունը չկա, թեեւ նա էլ է նախագահի թեկնածու, եւ նա իր պատրաստակամությունն է հայտնել պայմանագիրն ստորագրելու, եթե իր ստորագրությունը դնի Պուտինը:

Ժիրինովսկիի նախընտրական շտաբի նախագահ  Վլադիմիր Օվսյաննիկովը փաստաթուղթն անվանել է  «հերթական կեղծիք» եւ  «անպետք թուղթ», իսկ Զյուգանովի շտաբի աղբյուրը պատմել է, որ  «ղեկավարության բոլոր պատասխանատու անձինք, ովքեր կարդացել են տեքստը, բացահայտ ծիծաղել են»: «Այս ամենը երեւակայության ժանրից է» - եզրակացրել են ՌԴ կոմկուսում: 

«Սպրավեդլիվայա Ռոսիայում» էլ Պետդումայի ձայների վերահաշվարկի մասին առաջարկին ի պատասխան ասել են`  «գնացքը մեկնել է»: