Հայտնի եգիպտացի լրագրողուհի, հեռուսահաղորդավար եւ հասարակական գործիչ Բուսեյնա Քամելը որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին` այդպիսով դառնալով երկրի պատմության մեջ առաջին կինը, որը հավակնում է պետական այդ բարձր պաշտոնին:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Քամելն իր մտադրության մասին հայտնել է Պորտ Սայիդ քաղաքում հեղափոխական երիտասարդության զանգվածային հանրահավաքի ժամանակ: Նա իր առաջին ելույթը կառուցել է նախընտրական ճառի բոլոր կանոնների համաձայն` սուր քննադատության ենթարկելով ներկայիս ռազմական իշխանություններին: Քամելը հայտարարել է, որ զինվորականներն օգտագործում են երկրի կառավարման նույն մեթոդները, որոնք որ կիրառում էր նախկին իշխանությունը, եւ վստահություն է հայտնել, որ Ռազմական խորհուրդը պետք է իշխանությունը փոխանցի նոր, ամբողջ ազգի կողմից կարճ ժամանակում ընտրված պետության ղեկավարին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Քամելին աջակցում են մի քանի ստեղծագործական միություններ, կանանց կազմակերպություններ եւ երիտասարդական շարժման մի մասը: Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հունիսի վերջին:




























