Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի գործարար եւ բարերար, «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանին:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան պարոն Հովնանյան,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր անձնվեր գործունեությունն` ուղղված հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը, հարազատ ժողովրդի բարօրությանը, ազգային մշակույթի եւ կրթության զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը սփյուռքում հայապահպանության, հայոց լեզվի ու հավատքի ամրապնդման գործում: Վստահ եմ` հայրենասերի Ձեր կերպարը կոգեշնչի եւ լավ օրինակ կհանդիսանա շատ սերունդների համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք, նոր ուժ ու կորով: Թող հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ազգանպաստ ծրագրերն ու ձեռնարկումները` ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի»:




























