Հանրապետության ողջ տարածքում այսօր եւ վաղը սպասվում է ձյուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 20-25 մ/վրկ արագությամբ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց, տեսանելիության վատացում:

Նրա խոսքով` այսօր հանրապետության տարածքը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ եւ այն կգործի մինչեւ փետրվարի 19-ը ներառյալ:

«Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը էապես չի փոխվի, սակայն  վաղը գիշերվանից հանրապետություն կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ եւ վաղը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 1-5 աստիճանով»,- ասաց նա` հավելելով, որ 4-6 աստիճանով ջերմաստիճանի նվազում է սպասվում նաեւ փետրվարի 20-ի գիշերը: Մայրաքաղաքում գիշերը կլինի 3-5 աստիճան ցուրտ, ցերեկը` 0-ին մոտ: Գագիկ Սուրենյանը նշեց, որ փետրվարի 20-21-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: