Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, փետրվարի 16-ին, հանդիպել է Բուենոս Այրեսի վարչակազմի ղեկավար Մաուրիսիո Մակրիի հետ, որի ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետին է փոխանցել հայկական կողմի պաշտոնական հրավերը` մասնակցելու ապրիլի 22-23-ին Երեւանում կայանալիք հոբելյանական միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500-ամյակին եւ 2012 թվականին Երեւանը` գրքի միջազգային մայրաքաղաք հռչակմանը:
NEWS.am-ին ԱԳՆ-ից հայտնում են, որ Արգենտինայի մայրաքաղաքի ղեկավարը գոհունակությամբ է ընդունել հրավերը եւ նշել, որ Բուենոս Այրեսի պատվիրակության այցելությունն Երեւան կարեւոր խթան կհանդիսանա այս երկու քույր քաղաքների միջեւ համագործակցության կապերի ամրապնդման համար: Նկատի ունենալով, որ մինչեւ 2012թ. ապրիլի 21-ը գրքի միջազգային մայրաքաղաքը Բուենոս Այրեսն է, դեսպան Կարմիրշալյանն ու քաղաքապետ Մաուրիսիո Մակրին կարեւորել են, որ առաջին անգամ մեկ քաղաքից մյուսին այդ տիտղոսի փոխանցման արարողությունը կատարվելու նման հանդիսությամբ` Հայաստանի նախագահի բարձր հովանավորությամբ, ՀՀ կառավարության, հանձնող ու ընդունող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:




























