Մեկ օր առաջ անհետ կորած Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Արամայիս Մանուկյանը խեղդվել է Սեւանա լճում: Նրա դիակն այսօր` փետրվարի 18-ին, հայտնաբերել են Կարճաղբյուր գյուղի հարեւանությամբ գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Կարճաղբյուր գյուղի գյուղապետ Տարոն Քոչարյանը:
Նա պատմեց, որ Արամայիսը երեկ առավոտյան տանից դուրս գալուց կնոջն ասել է, որ գնում է ձուկ բռնելու եւ գիշերը տուն չի վերադարձել: Այսօր առավոտյան արդեն սկսվել են որոնողական աշխատանքները եւ միայն ժամեր առաջ է հաջողվել գտնել Արամայիսի դին, սակայն դեռեւս փրկարարներին չի հաջողվել դուրս բերել նրան:
Արամայիս Մանուկյանն ամուսնացած է, ունի 3 երեխա, որոնք բոլորն էլ ամուսնացած են: Իսկ նա ձկնորսությամբ չի զբաղվել եւ միայն այդ օրն է որոշել ձուկ որսալ, ինչը իր համար ճակատագրական է դարձել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզում, այսօր` փետրվարի 18-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի «Փարոս» ռեստորանի մոտակայքում հայտնաբերվել է Կարճաղբյուր գյուղի բնակիչ, մոտ 55 տարեկան Մայիս Մանուկյանի դին: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը:




























