Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` փետրվարի 18-ին, ընդունել է Ռուսաստանի «Տղամարդու առողջություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արամայիս Քամալովին՝ մի խումբ բժիշկների հետ:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 26-28-ը Երեւանում կազմակերպվելիք «Տղամարդու առողջություն» միջազգային 8-րդ կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ սփյուռքահայ մասնագետների մասնակցության հնարավորությունը:

2003 թվականից անցկացվող միջազգային կոնգրեսի աշխատանքներին ամեն տարի մասնակցում է մինչեւ 1200 մասնագետ՝ հիմնականում ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից եւ եվրոպական երկներից:

Այս տարի Հայաստան կժամանի շուրջ 1700 մասնագետ: Կոնգրեսի շրջանակներում կազմակերպվելիք տեսական եւ գործնական աշխատանքները նոր խթան կհանդիսանան Հայաստանում ուրոլոգիական ծառայության զարգացման եւ հայ բժիշկների համախմբման առումով:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել օգնելու կոնգրեսի կազմակերպման աշխատանքներին եւ սփյուռքահայ բժիշկներ ներգրավելու առումով: