Նորքի տուն-ինտերնատի ծերերը «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շրջանակներում, «Ես հայ եմ» խմբի նախաձեռնությամբ, վայելել են Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի ներկայացրած սիմֆոնիկ երաժշտության համերգը:

Մի քանի ժամվա ընթացքում տատիկներն ու պապիկներն իրենց երիտասարդ զգալով, ողջունել են կազմակերպիչների կողմից նման փայլուն մտահաղացումը: «Այսօր ես զգացի, որ դեռ որեւէ մեկին պետք եմ, որ դեռ արժանանում եմ ուշադրության»,-արցունքն աչքերին խոստովանեց մի տատիկ:

Ըստ կազմակերպիչների, նման միջոցառումներ պետք է անցկացվեն պարբերաբար եւ յուրաքանչյուր ոք անկախ իր տարիքից, պետք է իրեն սիրված զգա:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը` Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ, Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացրել է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը, որոնց շրջանակներում  փետրվարի 16-18-ը մի շարք թատրոններում, համերգասրահներում եւ թանգարաններում իրականացվել են միջոցառումներ, որին հնարավոր էր մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:

Հավաքված  գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին: