ԱՄՆ ռազմաօդային ուժերի E-3 Sentry (AWACS) հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռի կորուստը կարող է զգալիորեն բարդացնել Իրանից բխող սպառնալիքների ժամանակին բացահայտումը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Ըստ հաղորդման՝ նման մեկ ինքնաթիռն ի վիճակի է օդային դիտարկում իրականացնել շուրջ 31 հազար քառակուսի կիլոմետր (12 հազար քառակուսի մղոն) տարածքի վրա։ Վերլուծաբանների կարծիքով՝ 17 միավոր E-3 ինքնաթիռներից բաղկացած ավիապարկը ռազմավարական լուրջ առավելություն է Միացյալ Նահանգների համար։
Նշվում է նաև, որ սոցիալական ցանցերում վնասված ինքնաթիռի լուսանկարները սկսել են հայտնվել դեռ մի քանի օր առաջ։ CNN-ին հաջողվել է պարզել դրանց տեղակայման վայրը՝ Սաուդյան Արաբիայի կենտրոնական շրջանում գտնվող ավիաբազան։
«AWACS-ի կորուստը լուրջ հարված է ԱՄՆ հետախուզական հնարավորություններին»,- CNN-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ, ԱՄՆ ՌՕՈւ պահեստազորի գնդապետ Սեդրիկ Լեյթոնը, ով նախկինում ինքն է թռիչքներ իրականացրել հենց այս տիպի ինքնաթիռով։





























